Մուշեղ Իշխան

Տեղադրող

Ստեղծագործություններ

Զարուհի Պետրոսյան

 
 

Ես Մասիսը չտեսա
 

 Ճրագի պես ճաճանչվող աչքս հառած միշտ հեռուն`
Սպասեցի տարիներ ու Մասիսը չտեսա...

Դալուկ աշուն է արդեն ու աչքերուս կիջնե քուն.

                                                Դեռ Մասիսը չտեսա...

 
Ես շառավիղ հայկազյանց, հայու ժպիտ, հայու լաց,

Մասյաց որդի հարազատ` ես Մասիսը չտեսա.

Իր կարոտով տոչորուն և իր կանչով արբեցած`

                                                 Ես Մասիսը չտեսա...
 

Գիտեմ որ ան հիմա կա, երկնասլաց լույս գագաթ,

Ես ի±նչ տեսա աշխարհեն, երբ Մասիսը չտեսա.

Կյանքս ցնորք ու փոշի` իր հավերժին դեմ անհաղթ,

                                                        Ես Մասիսը չտեսա...
 

 Զայն կը գրկե ամեն ժամ և կը շնչե իմ հոգիս,

Բայց ո°չ մեկ օր բաց աչքով ես Մասիսը չտեսա.

Կախարդական առասպել և հորիզոն աշխարհիս`

                                                         Ես Մասիսը չտեսա... 
 

Օտարի աչքն անտարբեր և դարավոր թշնամին

Զայն կը դիտե օրն ի բուն -  ես Մասիսը չտեսա.

Որքա~ն նայվածք ամբարիշտ հառեցավ իր ճակատին,

                                                                 Ես Մասիսը չտեսա... 
 

Դեռ քանի± օր ու տարի պիտի քալեմ ես այսպես...

Մութ ճամփան պանդուխտի - ես Մասիսը չտեսա.

Ինչպե±ս աչքերս փակեմ, երբ որ, ո°վ մահ, զիս կանչես,

                                                                Ես Մասիսը չտեսա...

 
   
Լիլիթ

 
 

ՔՈՒ ԼԵԶՈՒԴ

Ե՞րբ բխեցաւ աղբիւրն առատ իր ակէն.-
Խօսքիդ առուն կը թաւալի օրն ի բուն,
Լեզուիդ անկապ վանկերը բառ են արդէն,
Բառերը պերճ՝ յաղթանակի ղօղանջիւն:

Քու շուրթներով՝ մերթ անսայթաք, մերթ թոթով,
Կը բարբառի մեծախորհուրդ հայ ոգին.-
Ո՛չ մէկ նուագ եւ ո՛չ մէկ տաղ հոգեթով
Ունի արուեստն արեւաշող քու խօսքին:

Քեզմէ առաջ հնչա՞ծ է մէկն այսքա'ն ջինջ,
Այսքա'ն քնքուշ՝ մեսրոպաշունչ հայ լեզուն…
Մեր գանձերուն, մեր դարերուն խռովիչ
Դուն նորաստեղծ քնարահարն ես բեղուն:

Երբ հայերէն կը ճռուողես դուն անփոյթ,
Ես կը փակեմ իմաստութեան ամէն գիրք,
Կ'ուզէ Հանին ուտել անո՜ւշ այդ լեզուդ
Ու կը յորդի՜ լոյսերով տունըս փոքրիկ:

Ո՞վ է վարպետն ու ո՞վ աշկերտը խոնարհ
Պապենական մեր մեծասքանչ բարբառին.
Բառերն ամէն զոր դուն ինձմէ սորվեցար՝
Քու շուրթներէդ են կարծես նո՛ր կ'ուսանիմ:

Խօսէ՛, տղա՛ս, խօսէ՜ անվերջ մեր լեզուն,
Այսպէս հպարտ եւ երկիւղով սրբազան,
Եթէ յանկարծ զիս չգտնես օր մը դուն
Եւ մինչեւ իսկ շուրջդ ո՛չ ոք խօսի զայն...